Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է կառավարության կայքերի վրա կիբերհարձակումների համար

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կառավարության կայքերի վրա կիբերհարձակումների համար, փոխանցում է tert.am-ը։

Ուրբաթ բրիտանական Sky News հեռուստաալիքին տված մեկնաբանությունում նա պնդել է, որ դրանք իրականացվել են «ռուս մասնագետների» կողմից։ 

«Մենք հստակ տեսնում ենք նրանց ձեռագիրը, այդ գործողությունները կատարվել են ռուս մասնագետների կողմից»,- ասել է նա։

Հարցին, թե Ռուսաստա՞նն է կանգնած հարձակումների հետևում, նա պատասխանել է, որ «99,9 տոկոսով վստահ է դրանում»:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ուրբաթ հայտնել է, որ հետաքննում է անցած գիշեր մի շարք կառավարական, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության և կրթության նախարարության կայքերի վրա կատարված լայնածավալ հաքերային հարձակումը։

Քաղաքականություն