«Այնքան են ծեծել, որ երկուսի քիթն էլ կոտրվել է»․ Ռաֆիկ Անդրեասյանը՝ որդու և ընկերոջ ծեծի մասին

Ուրցաձորի արդեն նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը որդու ձերբակալությունը համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդման շարունակություն: NEWS.am-ի հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց երեկ տեղի ունեցած միջադեպից, որից հետո ձերբակալվել էր իր որդին:

 

«Ես ոստիկանական մեքենայի մեջ էի, դուրս էր գալիս: Իմ աչքի առաջ 2 ջահել երիտասարդի` որդուս եւ իր ընկերոջը, էդ կարգի ծեծի ենթարկել, ես նման բան իմ ապրած կյանքում չէի տեսել, նույնիսկ որ ադրբեջանցիներին գերի էին վերցրել մերոնք ավելի լավ էին  վարվել, քան մեր երիտասարդների հետ: Մի վերին աստիճանի այլանդակություն էր, մայրերին հայհոյելով, այնքան են ծեծել, որ երկուսի քիթն էլ կոտրվել է, մարմնի վրա բազմաթիվ սալջարդեր կան: Այս ամենը ապացուցող ռենտգենը, ամեն ինչը կա: Իմ որդին նույնիսկ դիմադրություն  ցույց չէր տալիս»,-ասաց նա:

 

Ռաֆիկ Անդրեասյանը հավելեց, որ որդին չի հայհոյել, եւ դա կարող են փաստել միջադեպին ներկա համագյուղացիները:

Նախկին համայնքապետը պատմեց, որ իրեն առանց ծանուցում տալու, ձեռքերը շղթայելով երեկ բերման  են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ինքը բացատրություն չի տվել, դրանից հետո իրեն բաց են թողել:

 

Նշենք, որ երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին: Ըստ ՔԿ հաղորդագրության Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Նրա մեքենայում հայտնաբերվել է զենք եւ զինամթերք:

 

Քաղաքականություն

Պատահարներ