ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ընկել ենք, պիտի քաշենք»․ Ռուբինյանը ԱԺ նիստերը ցածրորակ հաղորդում որակեց

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում:

«Ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է նա, մերոնք արձագանքում են, բայց, կրկնում եմ, փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիաայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:

Նա ասաց, թե Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս հանդիպման, Հայաստանը՝ ոչ:

Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց՝ ԱԺ նիստերը իրեն հիշեցնում են ցածրորակ հաղորդում, բայց ինքը չի զլանա ու կարձագանքի՝ «ընկել են, պիտի քաշեն»։ 

«Նախ՝ հատուկ բանագնաց չէ, հատուկ ներկայացուցիչ է, հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, գործառույթ է, ես հատուկ պաշտոնի չեմ նշանակվել: Ասում եք՝ ինչո՞ւ է բյուջով մեկնել, բա ինչո՞վ մեկնեի, պետք է ծրարով փող ստանայի, գնա տոմս առնեի, գնայի՞, բյուջեի փողերով եմ մեկնել», - ասաց նա:

Անդրադառնալով առանց դրոշ մեքենայի մասին խոսակցություններին՝ Ռուբինյանը նշեց, թե մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկու հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ, որքանով ինքն է տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու մեքենան, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է:

«Մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին մեր ԱԳՆ-ն չի տեղեկացրել: Երբ ասում եք՝ տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև ՀՀ պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք ու, ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի տոկոսն է եղել գաղտնի ու քանի տոկոսն է եղել բաց. ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի», - ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ