ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանն առանց մտածելու զորքերը հետ քաշեց սահմաններից․ Օհանյան

«Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկում է խորհրդարանում օրակարգ բերել ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի հարցը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում կրկին առաջարկեց, որ ԱԺ լիագումար նիստում ընդգրկվի «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները հարցով» հարցը։

Օհանյանը նախ հայտարարեց՝ ՀՀ-ում և Արցախում սահմանային իրավիճակը մտահոգիչ է։ Հարցը ընդգրկելով օրակարգ, հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել ու քննարկել սահմանում տիրող իրավիճակը։

«Ես գտնում եմ, որ այն եզրակացությունը, որը որ տվել է գլխադասային հանձնաժողովը՝ բացասական եզրակացությունը, անընդունելի է բոլորի՝ հատկապես «Հայաստան» խմբակցության համար, որովհետև 44 օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողությունից հետո, անհաջողությունների շարանը շարունակվում է և այն անմիջական անդրադարձն ունի այն իրավիճակին, որը տիրում է այսօր սահմաններում»։

Ըստ Օհանյանի՝ լսումներ կազմակերպելով, ձգտելով այդ հարցով արտահերթ նիստ անցկացնել, հնարավորություն ունեին նշելու այն բոլոր կարմիր գծերը, որն անհրաժեշտ է ՀՀ-ին և Արցախին։

«Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք։ Այո, հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն։ Առաջին նախապայմանը դա է, որպեսզի ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ և այդ շրջանակներում իրականացվի սահմանազատումը և սահմանգծումը։ Էլ չեմ ասում՝ ՀՀ-ի սահմաններում տիրող իրավիճակը, առանց մտածելու զորքերը պատերազմից հետո հետ քաշելու հարցը։ Գտնում ենք, որ ժամանակավրեպ իրականացվող այս միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի ինքնիշնախությանը։ Արցախի՝ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշման իր հնարավորությունների վրա մեծ քար կնետվի»։

Օհանյանն առաջարկեց՝ քվեարկել ու հարցը մտցնել լիագումար նիստ։

Քաղաքականություն

Պատահարներ