Սյունիքի 6 համայնքները Մեղրիին կապող ճանապարհը օրեր շարունակ փակ է եղել. Ճակատենի համայնքապետ

 Նոյեմբերի 15-ից կիսաշրջափակման մեջ հայտնված Սյունիքի 6 համայնքները Մեղրիին կապող գրունտային ճանապարհը մի քանի օր փակ է եղել՝ եղանակի պատճառով: Այս մասին չորեքշաբթի 24News-ի հետ զրույցում ասաց Ճակատենի համայնքապետ Արա Հարությունյանը: 

 

Դիտարկմանը, թե նոյեմբերին խոստումներ էին հնչում այն մասին, որ Կապանի հետ այդ համայնքները կապող նոր ճանապարհը պետք է պատրաստ լինի տարեվերջին՝ Հարությունյանը պարզաբանեց, որ իրենք այն ժամանակ խոսում էին գործող գրունտային ճանապարհը բարեկարգելու մասին․ «Այդ ճանապարհը 55-60 տարի չէր օգտագործվել, ճանապարհից ոչինչ չէր մնացել: Առաջին օրերին միայն ես էի կարողանում դրանից օգտվել ու ևս 1-2 մեքենա էր անցնում: Հիմա կապը Մեղրիի հետ այդ ճանապարհով է, քիչ թե շատ անցանելի է, թեև հիմա էլ գրունտային է: Հիմա արդեն ոչ միայն Ճակատենը այլև հարևան գյուղերն ապահովված են մեքենաներով ու կապը կա»:   

 

Նա ընդգծեց, որ այս պահին էլ, չնայած եղանակային պայմաններին՝ նոր ճանապարհի շինարարության աշխատանքները շարունակվում են: «Երկու կողմից էլ աշխատում են, հույս ունեմ, մինչև հունիս-հուլիս ճանապարհը պատրաստ կլինի: Գործող ճանապարով ոչ շտապ օգնության, ոչ էլ հրշեջ մեքենան չի կարողանում անցնել: Բարեբախտաբար, անցած ամիսներին պատահարներ չենք ունեցել, բայց դե հիվանդանալ կա, հղի կին կա»,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհի Ճակատենի հատվածում նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ադրբեջանական մաքսակետ դնելուց հետո փաստացի շրջափակման մեջ էին հայտնվել վեց հայկական գյուղեր` Ճակատենը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը, Շիկահողը, Շիշկերտը:

Քաղաքականություն

Պատահարներ