ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազինյանն ակնկարկեց Պապիկյանի հարսանիքը․ «Կարո՞ղ եք հետևել՝ բոլորը QR կոդով ներկայանան»

Խորհրդարանի հերթական նիստում անդրադարձ եղավ հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումներին, որի համաձայն` առանց պատվաստումը հավաստող QR կոդի կամ թեստի բացասական պատասխանի հնարավոր չի լինելու այցելել հանրային սննդի վայրեր, մշակութային կենտրոններ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից հետաքրքրվեց, թե արդյոք արվե՞լ է ազդեցության գնահատում, թե նման փոփոխությունները ինչպես են ազդելու տնտեսության վրա:

Փոխնախարարն արձագանքեց, որ կարգավորումը հենց ժամանակին է հաստատված, ժամանակավրեպ չէ, նպաստելու է ոչ միայն պատվաստումների թվաքանակի բարձրացմանը, այլ նաև ավելի անվտանգ միջավայրեր ունենալուն:

Ղազինյանի խոսքով` տրանսպորտի կուտակումներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան սրճարանները, ինչպե՞ս է ստացվում, որ սրճարան գնալու համար QR կոդ է հարկավոր, իսկ տրանսպորտի համար` ոչ:

«Պատվաստման առկայությունը բավական նվազեցնում է վարակման հավանականությունը: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, աստիճանաբար են կարգավորումերը լինում, հանրային տրանսպորտից հիմնականում այն մարդիկ են օգտվում, որոնք աշխատանքի են գնում, հանրային սննդի վայրեր են այցելում, ու եթե մենք այդ վայրերում սահմանում ենք կարգավորումներ, ապա տրանսպորտի անվտանգության հարցն ու դիմակի կրման պարտադիր պահանջը նվազեցնում են վարակման ռիսկը»,-ասաց Նանուշյանը:

Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ օրեր անց կայանալու է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը:

«Առաջիկայում «Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը ներկայանան պատվաստման սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով։ Կարո՞ղ եք դա անել։ Խնդրում եմ՝ դա արե՛ք ու հանրությանը ցու՛յց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց»,-ասաց Արթուր Ղազինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ