«Կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց լավ չի պատկերացնում իր անելիքը». Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում անդրադարձել է «օմիկրոնի» տարածմամբ պայմանավորված կառավարության քայլերին։ Նա մասնավորապես գրել է.

 

 «Կառավարության այսօրվա նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը։ Իսկ օմիկրոնի ալիքը, իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները  պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։

 

  Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր են տրամադրում։ Այս ճանապարհով պետությունը կարողանում է ֆիքսել վարակի իրական վիճակը։

Հայաստանում թեստերը միջինում 10000 դրամ են։ Թեստ անողների թիվը, ըստ էության, շատ սահմանափակ է։ Սա շատ քիչ է օմիկրոնի տարածման իրական պատկեր ունենալու համար։ Թեստավորվողների մեծ մասն էլ Հայաստանից մեկնողներն են։ Ու էլի միանում է մահվան մեքենան։ Օմիկրոնով վարակված մարդը,  այս շտամին համապատասխան, հաճախ չունի որևէ սիմպտոմ, հետևաբար իր կամքով չի գնա  10 հազարով թեստ հանձնելու,  գնում է աշխատանքի, շարունակում է լիարժեք կյանք, շփվում է մարդկանց հետ, այդ թվում` տարեցների։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ 

 

Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է։ Պետությունն ու գործատուն սա պետք է անեն. հակառակ դեպքում՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դա չեն անելու իրենց հաշվին ու հնարավոր չի լինելու հայտնի միջոցներով զսպելու վարակի տարածումը։ Մենք ժամանակ քիչ ունենք. մտածեք այս ուղղությամբ»։

Քաղաքականություն

Պատահարներ