«Զարմանում եմ, երբ Քրիստոսի քանդակը Սիրիայի համար էի անում, ոչ մի մուսուլման չընդվզեց, իսկ Հայաստանո՞ւմ․․․». հայտնի քանդակագործը՝ հանրային քննարկումների մասին

 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը քանդակելու համար հայտարարած մրցույթին արձագանքել ու նախագիծ է ներկայացրել գյումրեցի քանդակագործ  Արտուշ Պապոյանը։ Նրա՝ «Ես եկել եմ փրկելու աշխարհը» անվամբ Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը կանգնեցված է Սիրիայում ՝ Սեյդնայա քաղաքի Քերովբեների լեռան գագաթին՝ 2000 մետր բարձրության վրա։ Քանդակագործն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ներկայացրած նախագծով Քրիստոսը բացարձակապես նման չէ Սիրիայի արձանին, այն իր ինքնատիպությունն ունի, այս մեկն էլ իրենը կունենա։ 

 

Քանդակագործը զարմացած է, թե ինչու են այսպես խառնվել իրար Գագիկ Ծառուկյանի մտադրությունից, նույնիսկ առաջարկում են համաժողովրդական քննարկման դնել գաղափարը։ «Ես զարմանում եմ, երբ Քրիստոսի քանդակը Սիրիայի համար էի անում, դա մուսուլմանական երկիր է, բայց ոչ մի մուսուլման չընդվզեց, իսկ Հայաստանո՞ւմ․․․ Այստեղ շատ են իրար խառնվում, ամեն հարցում խառնվում են»։ 

 

Հիշո՞ւմ եք, երբ Քըրք Քըրքորյանի արձանն էինք տեղադրում Գյումրիում, ինչ իրարանցում եղավ, դեմ դուրս եկան, իսկ հետո գնում, արձանի մոտ նկարվում են, արդեն լավ է։ Գիտեք միշտ ոչ մասնագիտական մոտեցում են ցույց տալիս, մասնագետներին չեն հավատում, բոլորն էդ գործի մասնագետն են դառնում։ էսօր էլեկտրականության մասին խոսես, բոլորը էլեկտրիկ կդառնան, շինարարության մասին խոսես, սաղ շինարար կդառնան, ամեն ինչ մեր երկրում խառնվել  է իրար։  Թողե՛ք մասնագետն անի, ամեն մարդ իրեն չվերապահի այդ գործը, կարծիք ունեն, թող հայտնեն, բայց թող զուսպ լինեն, ոչ թե վիրավորեն, էսօր կարծիք չկա, կա վիրավորանք։ Քրիստոսի արձանը տեղադրելու մեջ քաղաքականություն են տեսնում, հազար ու մի բան են տեսնում, սովորական մարդկային փոխհարաբերությունները դարձել են գայլային փոխհարաբերություններ։ Եթե մեկը մի բան մտածի, անպայման հարյուր հոգի կգտնվեն, որ կացնահարեն, հարյուր հոգի էլ պետք են, որ վահան սարքեն, պահեն էդ կացինների դեմ, բայց ողջունելի է չէ՞, որ մարդն իր գումարն է ներդնում, այսօր ամեն մեկը չէ, որ ձեռքը գրպանն է տանում»,- ասում է Արտուշ Պապոյանը։
 

Քաղաքականություն