Մեկ օրվա նորակոչիկին ծեծել են, զինվորը դիմել է փախուստի. նյութեր են նախապատրաստվում

Կապանի զորամասերից մեկում նորակոչիկին նվաստացնելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակումները քննության առարկա կդարձվեն՝ ՌՈ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակներում։ 

 

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, համաձայն որի՝ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։ Ստացված ահազանգի մասին բարձրաձայնել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հայտնելով, որ նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն:

«Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաև, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել»,- նշել է Թագուհի Թովմասյանը։

 

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ, որը տեղեկացրեց, որ ՌՈ-ում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում այս հրապարակումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին՝ դրա շրջանակներում քննության առարկա դարձնելու համար: Ճշգրտող հարցին՝ նյութեր նախապատրաստվում են զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու դեպքի առթիվ, որի շրջանակներում նաև քննության առարկա են դարձվել վերջինիս նկատմամբ բռնության, նվաստացումների մասին հրապարակումները՝ դատախազի խորհրդականը պատասխանեց. 

 

«Այո, հեռախոսագիր է ստացվել զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու վերաբերյալ, դրա կապակցությամբ սկսվել են նյութեր նախապատրաստվել, այս հրապարակումներն ի հայտ գալուց հետո դրանք մեր կողմից ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին՝ դրանցում նշվող հանգամանքները քննության առարկա դարձնելու, համատեղ ընթացքը լուծելու համար: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, արդեն տվյալներ են առկա, որոնք հերքում են հրապարակումներում նշվող՝ նորակոչիկներին ծեծի ենթարկելու, նվաստացնելու մասին տեղեկությունները, սակայն վերջնական գնահատականներ չշտապենք տալ, քննությամբ բոլոր հանգամանքները կպարզվեն ու գնահատականներ կտրվեն»:

Քաղաքականություն