Ոստիկանները հայտնաբերել են մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրը լքած 28-ամյա վարորդին

Երեկ՝ մարտի 6-ին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են նույն օրը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ կատարած և դեպքի վայրը լքած վարորդին։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ապա պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, և տարված բացատրական աշխատանքների արդյունքում Չարենցավանի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Բալաբեկ Գ-ն։ 

 

Կայքի  տեղեկություններով՝ վերջինս հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ BYD մակնիշի ավտոմեքենայով, նույն օրը, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում։  

 

Հիշեցնենք, որ  երեկ՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դի կա:  Ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հայտնաբերել էին Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող 50-ամյա Գնել Ստեփանյանի դին: 

Քաղաքականություն

Պատահարներ