Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. վիրավորը քրեական աշխարհում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի սեփականատերն է

Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։  Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։  Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։  

 

 Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։  Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերը։ Նա բնութագրվում է դրական, երբևէ առնչություն չի ունեցել քրեակա պատմություններում, բազմաթիվ օգնություններ է ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների ու երբեք չի ցանկացել՝ այդ մասին հրապարակվի, միշտ առաջնորդվել է «եթե կարող ես, լավություն արա, սատար կանգնիր սոցիալապես անապահովին ու մի թմբկահարիր այդ մասին» խոսքով։ 

Քաղաքականություն

Պատահարներ