Արցախի պաշտպանության բանակը զգոն է, բայց մարտական տագնապ չկա. Sputnik

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակը լարված է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Խրամորթի բնակիչն ասաց, որ առավոտից մինչև հիմա ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։
 

Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։ Մի քանի կանայք և երեխաներ ինքնուրույն հեռացել են գյուղից, ընդհանուր տարհանում, սակայն, չկա։
 

Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ Արցախի պաշտպանության բանակը զգոն է, բայց մարտական տագնապ չկա։

 

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ադրբեջանական կողմը երեկ գիշերվանից պարբերաբար դիմում է սադրանքների: 

 

Մարտի 9-ին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Արցախի Դատախազությունը:

 

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:
 

Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Քաղաքականություն

Պատահարներ