Բայդենը «կրակի վրա յուղ է լցնում». Չինաստանի արձագանքը` ԱՄՆ նախագահի հայտարարությանը

Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետք է օգնի նվազեցնել ուկրաինական հակամարտության սրումը, այլ ոչ թե «կրակի վրա յուղ լցնի» «ցեղասպանության» մասին խոսակցություններով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և որքան հնարավոր է շուտ հակամարտությունը դադարեցնել՝ մեծ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին, թե ինչպես են Չինաստանի իշխանությունները գնահատում Բայդենի վերջին հայտարարությունը ռուսական զորքերի կողմից «ցեղասպանության»իրականացման մասին:

«Միջազգային հանրության բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն էսկալացիայի նվազեցմանը, կրակի վրա յուղ լցնել պետք չէ»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Լիցզյանի խոսքով՝ ուկրաինական հարցը պետք է լուծվի դիվանագիտական ջանքերով։

«Այժմ ամենակարևորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է լինեն սառնարյուն ու զուսպ»,- եզրափակել է նա։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։

Այսպես, ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է, երբ նա ափսոսանք է հայտնել գազի գնի թանկացման առնչությամբ։

«Ձեր ընտանեկան բյուջեն, մեքենայի բաքը լիցքավորելու ձեր կարողությունը չպետք է կախված լինեն նրանից, թե արդյոք բռնապետը պատերազմ կհայտարարի և ցեղասպանություն կկատարի աշխարհի մյուս ծայրում», - բառացի ասել է Բայդենը:

Ավելի ուշ, նախքան Վաշինգտոն թռչելը, Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է իր խոսքերը.«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու գաղափարը: Եվ ապացույցներն աճում են: Մենք միջազգային մակարդակով իրավաբաններին թույլ կտանք որոշել՝ արդյոք դա կարող է համապատասխան որակավորվել, թե ոչ, բայց ինձ համար դա այդպես է»,- ասել է Բայդենը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Քաղաքականություն

Պատահարներ