Պատերազմը կվերածվի «անվերջանալի արնահեղության» առանց հավելյալ զենքի. Զելենսկի. The Guardian

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսահոլովակ է հրապարակել, որում զգուշացնում է, որ պատերազմը կդառնա «անվերջանալի արնահեղություն՝ տարածելով թշվառություն, տառապանք և ավերածություններ»՝ առանց հավելյալ զենքի, գրում է The Guardian-ը:
 

Խոսելով անգլերեն՝ Զելենսկին ասում է, որ Ուկրաինան պաշտպանվել է Ռուսաստանից «շատ ավելի երկար, քան պլանավորել էին զավթիչները»:
 

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը դեռ կարող է հարձակվել «ոչ միայն Ուկրաինայի վրա»:
 

«Լեհաստանը, Մոլդովան, Ռումինիան և Բալթյան երկրները կդառնան հաջորդ թիրախները, եթե Ուկրաինայի ազատությունը տապալվի։ Ավելի շատ զենք է անհրաժեշտ «միլիոնավոր ուկրաինացիների, ինչպես նաև միլիոնավոր եվրոպացիների փրկության համար», - ասում է նա:
 

«Մեզ անհրաժեշտ են ծանր հրետանի, զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր և մարտական ​​ինքնաթիռներ»,- մանրամասնել է նա։


Ուկրաինայի նախագահը, եզրափակելով իր խոսքը, նշել է, որ «ազատությունը պետք է ավելի լավ զինել, քան բռնակալությունը».

 

«Արևմտյան երկրներն ամեն ինչ ունեն դա իրականացնելու համար։ Նրանցից է կախված վերջնական հաղթանակը բռնակալության դեմ և փրկված մարդկանց թիվը»։

Քաղաքականություն

Պատահարներ