Չավուշօղլուն ասել է, թե Թուրքիան որ դեպքում կմիանա Ռուսաստանի դեմ սանկցիաներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայրարարել է, թե Անկարան կմիանա Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին այն դեպքում, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության: Այդ մասին Չավուշօղլուն ասել է NTV թուրքական հեռուստակայանի թղթակցին, հայտնում են թուրքական լրատվականները։ 

 

«Թուրքիան հետևում է միջազգային իրավունքին և հավասարակշռված քաղաքականություն է վարում: Եթե ՄԱԿ-ը հավանություն տա այդ պատժամիջոցներին՝ Թուրքիան ստիպված կլինի միանալ դրանց»,- ասել է թուրք նախարարը։

 

Նա խոսել է նաև ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: Ավելի այդ թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան այսօրվա զարգացումներում սառը պատերազմի նշաններ է տեսնում:

 

«Մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն, վերականգնումն էլ որոշակի ժամանակ կպահանջի, մենք տեսնում ենք սառը պատերազմի նշաններ, սակայն կշարունակենք սկզբունքային արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Քաղաքականություն

Պատահարներ