Գերմանիայի նախագահի հետ կապված սկանդալը կհարթվի․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինան հարգում է Գերմանիայի դաշնային նախագահի ինստիտուտը և շահագրգռված չէ Գերմանիայի հետ հարաբերությունների սրմամբ, սակայն Բեռլինից ակնկալում է «նոր քաղաքականություն» Կիևի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, գրում է korrespondent.net-ը։ 

Այսպես նա մեկնաբանել է լուրերն այն մասին, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, քանի որ նա ռուսամետ քաղաքականություն է վարել։ 

«Ուկրաինան մեծ հարգանք է տածում Գերմանիայի նկատմամբ, մենք միշտ չէ, որ ամեն ինչում համաձայն ենք գերմանական քաղաքականությանը, բայց մենք հարգում ենք Գերմանիան որպես երկիր, որպես գործընկեր, և մեզ համար բացարձակապես ակնհայտ է, որ պետության ղեկավարը, Դաշնային Հանրապետության նախագահը Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդանիշներից մեկն է, և մենք նույն հարգանքով ենք վերաբերվում Գերմանիայի դաշնային նախագահի ինստիտուտին»,- ասել է Կուլեբան։ 

Նա ընդգծել է, որ Ուկրաինան շահագրգռված չէ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների սրմամբ։ 

«Ուստի վստահ եմ, որ այս իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ուղիներով, և ուկրաինա-գերմանական հարաբերություններին ոչ մի վնաս չի հասցվի»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Ռուսաստանի ղեկավարության հետ սերտ կապերի պատճառով։ Շտայնմայերի փոխարեն Կիև է հրավիրվել կանցլեր Օլաֆ Շոլցը։ Գերմանիայի փոխկանցլերը Շտայնմայերի մերժումն անվանել է սխալ։

Քաղաքականություն

Պատահարներ