Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուի հայտարարությունը

Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ 

«Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հանդիպման անցկացումը կախված է ՌԴ ղեկավարի համաձայնությունից։ 

Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հեռավոր հեռանկար չէ։ 

«Բուչայի դեպքերից հետո կողմերը միմյանց դատապարտող բազմաթիվ հայտարարություններ արեցին: Դա ազդեց բանակցային գործընթացի վրա: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ: Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ հոռետեսությամբ»,- ասել է նա։ 

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կշարունակի շփումները Մոսկվայի և Կիևի հետ, քանի որ այն «կարող է օգնել կողմերին լուծում գտնել խնդրահարույց հարցերի շուրջ»։ 

«Այո, Բուչայի իրադարձությունները բացասական ազդեցություն ունեցան բանակցությունների վրա, սակայն, չնայած բոլոր դժվարություններին, հրադադար հաստատելու հնարավորություն կա»,- ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ