Մեր նպատակը ո՛չ Վահագն Ալեքսանյանն է, ո՛չ Վիգեն Խաչատրյանը. Աբրահամյան

ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանն այսօր անդրադարձել է ԱԺ բրիֆինգի ժամանակ իմ ու Հայկ Մամիջանյանի մեկնաբանություններին: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Իմ գործընկեր Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում մանրամասներ էր ներկայացնում ընդդիմության և մասնավորապես, մեր խմբակցության առաջիկա անելիքների մասին, որտեղ նշում էր, որ այդ գործողությունները, միջոցառումները պետք է լինեն հաշվարկված, ավելացնելով, որ ունենք «մի կրակոցի հնարավորություն»:

Այո, մենք ունենք «մի կրակոցի հնարավորություն», որովհետև պետք է գործենք այնպես, որպեսզի մեր քայլերը հասարակությանը ոչ միայն հիասթափություն չբերեն, այլ ծառայեն իրենց նպատակին:

Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ կրակոց է դա և ու՞մ է ուղղված, ես տեղից ռեպլիկ նետեցի՝ Նիկոլին: Հայկը մանրամասնեց, թե հասկանում է, որ իշխանությունը ցանկանում է մեր բերանից ձևակերպումներ լսել, որը կարող է այլ հարցերի տեղիք տալ, չնայած անձեռնամխելիության զրկման վրա մենք թքած ունենք, սակայն թեման այլ բանի մասին էր:

Եթե Վահագն Ալեքսանյանը ուզում է ցույց տալ, թե թեմայի համատեքստը չի հասկացել, մեղմ ասած, չեմ հավատում: Եթե իշխանությունը խնդիր ունի այս օրերին ձերբակալություններ սկսել՝ լրիվ մեկ է, ես ինքս պատրաստ եմ:

Կրկնում եմ՝ մեր նպատակը ոչ Վահագն Ալեքսանյանն է, ոչ մյուսները, նույնիսկ ոչ Վիգեն Խաչատրյանը, ով հակապետական հայտարարությունների ռեկորդակիրն է, մեր նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, ում հեռացումը այլընտրանք չունի:

Ինչ վերաբերվում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք:

Շատ լավ է, որ մեր հայտարարություններին ուշադիր եք, սակայն դա ըստ նախընտրությունների ներկայացացնելը, մեղմ ասած, խրախուսելի չէ»,-գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ