Լուսանկարներ․ Մայրը՝ բոթը լսելիս ուշագնաց եղավ. մանրամասներ՝ այսօր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողից․ lurer

ՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

 

Արգիշտի Եղյանին ճանաչելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ է հաստատել Սիսիանի Շաքե գյուղի համայնքի ղեկավար Ռուբեն Մանուչարյանի հետ, որը, ինչպես հետո պարզ դարձավ, մահացած զինծառայողի ընտանիքի բարեկամն էր.

 

Նա նշել է, որ ընտանիքում 3 երեխա էին՝ երկու քույր և մեկ որդի, զինծառայողի հայրը մեխանիզատոր է, մայրը՝ տնային տնտեսուհի, պարկեշտ ընտանիք են: Ընտանիքի բարեկամը նրան ներկայացրեց մեկ դարձվածքով՝ «Աստծո անմեղ գառ»:

 

«Նա շատ խաղաղ էր, համեստ և ամաչկոտ, դաստիարակված, միմիայն դրական հատկանիշներով էր օժտված, անգամ այդ տարիքում, երբ մեկի հետ զրուցում էր ամաչում էր, այսքանից հետո նրա կռվարար լինելու մասին խոսելն ավելորդ եմ համարում: Արգիշտին սովորում էր պետհամալսարանում, անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ էր: Ինքը գերզարգացած երիտասարդ էր, իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ համալսարանը նրան մեկ տարով ուղարկեց ԱՄՆ, սակայն կորոնավիրուսի հետևանքով նա շուտ վերադարձավ և զորակոչվեց բանակ»,- նշել է համայնքի ղեկավարը:

 

Վերջինս նշել է, որ Արգիշտին ծառայում էր Վարդենիսի զորամասերից մեկում, և որ շուտով կլրանար նրա ծառայության մեկ ու կես տարին: Ինչպես նշել է Ռուբեն Մանուչարյանը, իմանալով մահացած զինվորի մոր սրտի խնդրի մասին, ընտանիքին շատ զգույշ են հայտնել բոթը.

 

«Մենք նախքան այդ լուրը հայտնելը, բոլոր պայմանները ստեղծեցինք, շտապօգնության մեքենա կանչեցինք, որովհետև մայրը սրտի խնդիր ունի: Երբ մայրը դուրս եկավ տանից, մենք այդ բոթը հայտնեցինք և ինքը վատացավ՝ ուշագնաց եղավ, բժիշկն ու բուժքույրը անմիջապես համապատասխան օգնություն ցուցաբերեցին նրան: Երբ այդ բոթը Արգիշտիի հորը հայտնեցինք, նա լացեց և ասաց, որ մինչև գիշերը ժամը 3:00-ը խոսել է որդու հետ և որևէ արտառոց բան չի նկատել, ինչպես միշտ այդ ժամանակ էլ Արգիշտին ուներ շատ բարձր տրամադրություն»,- ցավով ընդգծել է նա:

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ