Կարին Տոնոյանը` Չալաբյանի սկանդալային ձայնագրության մասին

 Քննչական կոմիտեն հայտնել է, որ հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Հրապարակվել էր ձայնագրություն՝ Չալաբյանի և Ագրարային համալսարանի Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի զրույցից։

 

Չալաբյանը «5165 շարժում» նախաձեռնության համակիր էր համարվում։ ArmDaily.am-ի հետ զրույցում «5165 շարժում» նախաձեռնության առաջնորդ Կարին Տոնոյանն ասել է, որ չգիտի՝ իրականում ինչ է եղել, որովհետև կրճատված է ձայնագրությունը, մոնտաժված է։

 

«Իրականում այդ ձայնագրությունը կրճատված է, մոնտաժված է, և ես շատ ցավում եմ։ Չալաբյանին ես ճանաչում եմ որպես երկար տարիներ հայրենիքի համար անփոխարինելի գործ կատարած մարդ, բայց, միաժամանակ, նաև խնդրում եմ բոլորին, որ զգույշ լինեն և նման սադրանքների չտրվեն։ Պարզ երևում է, որ այդ տղան, որը չգիտեմ՝ Ուսխորհրդի նախագահ է, թե ինչ է, բացարձակ ցինիզմով է վերաբերվում և անընդունելի պահվածք է դրսևորում։ Բայց քանի որ մոնտաժված է տեսանյութը՝ ես չգիտեմ ինչով է ավարտվում, հասկանո՞ւմ եք։ Դրա համար ես ոչինչ ասել չեմ կարող, բացի այն, որ շատ ցավում եմ, որ այդպիսի պատմության մեջ է ընկել։ Բացարձակ հայրենասիրությանը չեմ կասկածում Չալաբյանի, բայց միաժամանակ նաև չեմ կարող իմ տեսակից ելնելով չասել, որ չի կարելի ցանկացած որևէ նման բանի մեջ մտնել, անգամ ամենալավ նպատակներով չի կարելի։ Ճշմարտությունը վեր է ամեն ինչից։ Թող պարզաբանվի՝ նոր հասկանանք, եթե անգամ այդպիսի սայթաքում է եղել՝ ամեն դեպքում ես կարծում եմ, որ հայրենիքի համար պետք է պայքարել բացարձակապես ազնվորեն։ Այդ տղային պետք էր խիստ պատժել նման վերաբերմունքի համար՝ հայրենիքի համար պայքարը վաճառքի վերածելու համար և պետք է պատժել իրեն»,-ասաց Տոնոյանը։

 

«5165 շարժում» նախաձեռնության ղեկավարն ասաց, որ սադրանք է եղել ու քանի որ ինքը Չալաբյանին շատ խելացի է համարում և ուղղակի ցավում է, որ Չալաբյանն ու իր հետ եղած անձը չեն ընկալել, որ սադրանքի մեջ են ներքաշում իրենց և հենց տեղում համապատասխան պատասխան չեն տվել ու հեռացել։

Նա հավելեց, որ ավել ոչինչ չի ուզում ասել, քանի որ ամբողջական խոսակցության ձայնագրությունը դեռևս չկա։

Քաղաքականություն

Պատահարներ