Ովքե՞ր են լինելու հաջորդ կառավարությունում. Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը

«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում պարզաբանեց, թե իշխանափոխությունից հետո ովքեր են լինելու հաջորդ կառավարությունում։

 

Սաղաթելյանը շեշտեց, որ ժամանակավոր կառավարությունը չի ձևավորվելու բացառապես կուսակցական անհատներով։

 

«Դրանք լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք և՛ այս հարթակում են, և՛ այս հարթակից դուրս են։ Բայց մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս պոտենցիալ փորձ, գիտելիք, ուժ ներկայացնող անձանց։ Այսինքն` դրանք ոչ միայն այն քաղաքական դեմքերն են, որոնց դուք ճանաչում եք, այլ բազմաթիվ անկուսակցական անձինք, որոնց պետք է դիմենք»,– ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ այս պահին դեռ իրենց պատկերացրած անձանց հետ չեն բանակցել, քանի որ դեռ այդ փուլում չեն։

 

Ընդդիմադիր գործչի խոսքով` երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար պետք է կազմվի հզոր հավաքական` բաղկացած այն մարդկանցից, որոնք պատրաստ կլինեն հավաքական պատասխանատվություն ստանձնելու։

 

Հիշեցնենք` մայիսի 9-ին Սաղաթելյանը հայտնել էր, որ հնարավոր իշխանափոխությունից հետո հրապարակելու են շուրջ 250 պրոֆեսիոնալ անձանց անուններ, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ, փորձառություն, հայրենասեր են, ունեն կամք, վճռականություն և պատրաստակամ են դուրս բերել երկիրն այս վիճակից։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ