Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու համար, քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։

 

«Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

 

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ