Հիմքեր կան, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ ապօրինի բռնություն եղել է նաև Ոստիկանության «Գազելում». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բռնության ենթարկելու դեպքով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։
 

«Ցավով պետք է նշեմ, որ հիմքեր ունենք պնդելու, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնությունը եղել է ոչ միայն տեսախցիկների առջև (որը բոլորս տեսել ենք), այլև Ոստիկանության «Գազելում»: Ընդորում, դա արվում էր այն ժամանակ, երբ Մինասյանը պարզապես փորձում էր ոստիկանների ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ մի քաղաքացի ուշագնաց է եղել ու օգնության կարիք ունի:
 

Ավելին, որոշակի գործողություններ են կատարվել Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնություն գործադրած ոստիկաններին նույնականացնելու ուղղությամբ (այդ պատճառով էլ հաղորդման ներկայացումը այսքան ժամեր տևեց):
 

Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ պատգամավորները ընտրված են ժողովրդի կողմից և հետևապես վերջիններիս նկատմամբ որևէ ապօրինություն դատապարտելի է կրկնակի:
 

Դա, բնականաբար, չի նշանակում, որ ԱԺ պատգամավորները կարող են ապօրինություններ գործել, բայց Արծվիկ Մինասյանի այսօրվա գործողություններում որևէ ապօրինի բան չենք տեսել»,- գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ