Շղթայական ավտովթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. 1 մարդ մահացել է

Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Shamshyan.com–ի տեղեկություններով` Գարեգին Նժդեհի փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել` 6 մեքենաներ են բախվել իրար։

Փրկարարները մեքենաներից մեկի միջից դուրս են բերել վարորդին, իսկ շտապօգնության բժիշկների խումբն արձանագրել է նրա մահը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Քաղաքականություն