Ադրբեջանցի մարզիկները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, բայց չի ստացվել. Ադամյան

Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի մրցման ընթացքում թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել։ Ադամյանն այդ մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ԱԺ կայքից։

 

Ադամյանի խոսքով` թուրք և ադրբեջանցի մարզիկների պահվածքը նրան չի շեղել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել:

 

Մարզիկը նշել է նաև, որ սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում և սա առաջին անգամն էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն նկատառմանը, թե արդյոք սա նրա վերջնական քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջևում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ։

 

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երևալ և ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին: Վերջինս տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր հիմնով և հաղթանակով:

 

Հայտնել էինք, որ Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Քաղաքականություն