Հայտարարությունները, որոնք հնչում են, ցույց են տալիս, որ վտանգված է Հայաստանը․ Աբրահամյան

«Դիմադրություն» շարժումը շրջափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը՝ փակելով բոլոր մուտքերը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այն հայտարարությունները, որոնք հնչեցին Բրյուսելում, ամրագրեցին մտահոգությունները, որոնք վերջին ամիսներին հանրության մոտ առկա են։

 

«Հայաստանն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով, ակնհայտ է, որ Արցախը դրվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Երբ նշվեց, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու է, այդ ամենը որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, դա կապ չունի անկախության հետ, դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախը հանձնել ադրբեջանական վերահսկողությանը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

 

Աբրահամյանն ասաց, թե իրենց պայքարը միայն Արցախի համար չէ, նաև Հայաստանի համար է։

 

«Հայտարարությունները, որոնք հնչում են, պարզորոշ ձևով ցույց են տալիս, որ վտանգված է Հայաստանը։ Այս օրերին որոշվում է հայի՝ այս տարածաշրջանում ֆիզիկապես լինելու հանգամանքը», - ընդգծեց նա։

 

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանության օրակարգը խաղաղության օրակարգ չէ. «Սա Արցախի ու Հայաստանի խաղաղ հանձնման գործընթաց է։ Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել ուղղակի հանձնվել, սա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է»։

Քաղաքականություն

Պատահարներ