ՀՀ ՊՆ-ն հաստատեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Վարդասարի հատվածում․ Sputnik

ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել է Սյունիքի մարզում՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստը:

 

Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ԶՈւ-ն/սահմանապահները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասարի հատվածում։

 

Դիրքերի տեղակայման տարածքների մասին տեղեկությունը համընկել էր ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած տվյալների հետ։ Նա ապրիլին ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որում երևում էր, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի, դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։

 

Սակայն այն ժամանակ լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից վստահեցրել էին, որ Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել։

 

Ավելին` հարցին, թե կա՞ն արդյոք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման այլ շրջաններ, բացի Գեղարքունիքի Վարդենիս (Կութ, Վերին Շորժա և այլն) համայնքից, Սյունիքի Սև լիճ, Իշխանասար և Ներքին Հանդ բնակավայրերից, ՊՆ-ից հայտնել էին, որ բացի Հայաստանի տարածք ներխուժելու նախկին դեպքերից, այլ դեպքեր չեն արձանագրվել։

 

Ուսումնասիրելով արբանյակային քարտեզները՝ մայիսի 10-ին լրատվամիջոցը որոշել է կրկին հարցում ուղարկել ՊՆ` ներկայացնելով արբանյակից արված լուսանկարն ու նշելով Վարդասարի մոտակայքում իրականացված ինժեներական աշխատանքների շրջանները։ Խնդրել են  պարզաբանել` լուսանկարում ադրբեջանական դիրքեր են, թե ոչ (եթե այո, ապա ե՞րբ է տեղի ունեցել ներխուժումը)։

Инженерные работы вокруг села Вардасар в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022

 

Ու ստացել  պատասխանը․ «Սլաքներով նշված կետերում հակառակորդի մարտական դիրքերը տեղադրվել են 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին»։

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանության կողմից պաշտոնական տեղեկություն չի եղել այդ հատվածում, ինչպես նաև Ներքին Հանդ գյուղի շրջանում ադրբեջանական ներխուժման մասին։

 

Քաղաքականություն

Պատահարներ