Կարող եք միավորվել մեկ դաշինքում և կոչվել բայղուշների դաշինք․ Արփի Դավոյան

Այսօր ԱԺ լիագումար նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը քննադատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ բրյուսելյան հանդիպման առնչությամբ գրառումը, ասաց, որ ստոր ու զզվելի ապատեղեկատվության համար նա անգամ ներողություն չի խնդրել, գրում է Aravot-ը։

Արփի Դավոյանն ընդդիմադիր երկու խմբակցություններին առաջարկ հղեց․ 

 

«Կարող եք միավորվել մեկ դաշինքում եւ կոչվել քաղաքական բայղուշների դաշինք։ Շատ համապատասխան կլինի ձեզ։ «Պատիվ ունեմ»-ը վատ է զգում, որ իրենց հապավումը ՊՈւ է, ուստի էլ չեն ամաչի։ Այդպես կարող եք շարունակել ձեր քաղաքական բայղուշությունը, բայց մարդիկ վաղուց ձեզ չեն հավատում, ձեր կանխատեսումները վաղուց անեկդոտի աղբյուր են»,- ասել է Դավոյանը։ 

 

Հիշեցնենք, որ մայսիս 21-ին Ղազինյանը գրել էր, որ Բրյուսելում գտնվող իր վստահելի աղբյուրները հայտնում են, որ  Փաշինյանն ու Աալիևը հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Նա նաև հրապարակել է 6 կետեր և նշել, որ դրանք պայմանագրի էական պայմաններն են։

 

Ավելի ուշ՝ մայիսի 22-ին, Արթուր Ղազինյանը հետեւյալ պարզաբանումն է արել․ 

 

«Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, ես ասել եմ, որ ավարտական տեսքի են բերելու համաձայնագիրը և նշել եմ այն հիմնարար կետերը, որոնց հիմքի վրա պետք է մշակվի «խաղաղության», իսկ իրականում՝ անվերապահ կապիտուլյացիայի, պայմանագիրը: Նիկոլական մինյոններին ասեք, թող համարձակություն գտնեն և, ըստ էության, հերքեն նշված կետերը: Չեն կարող, քանի որ դա իրականություն է»։

 

Քաղաքականություն