ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջոնսոնի՝ «լոքդաունի» ժամանակ խնջույքի մասնակցելու մասին ապացույցները հրապարակվել են

«Քովիդային» երեկույթներից մեկի՝ համացանց արտահոսած լուսանկարները, որոնցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խմում է իր օգնականների հետ, զայրացրել են բրիտանացի քաղաքական գործիչներին և ևս մեկ անգամ վտանգել են նրա քաղաքական կարիերան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Արտահոսած լուսանկարներում Մեծ Բրիտանիայի վարչապետը կենաց է ասում իր գրասենյակի հեռացող պաշտոնյաներից մեկի՝ Լի Քեյնի պատվին: Դա տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 13-ին համազգային «լոքդաունի» ժամանակ, երբ հասարակական հավաքույթներն արգելված էին: Ջոնսոնի մամուլի գրասենյակից հայտնել են, որ վարչապետը հեռացել է հավաքույթի  մեկնարկից ընդամենը 15 րոպե անց, սակայն իրավիճակին ծանոթ մարդիկ ասում են, որ նա անձամբ շարունակել է խմիչքներ լցնել կենացների համար:

Սքոթլանդ Յարդն իր հերթին հրաժարվել է բացատրել, թե ինչու վարչապետը չի տուգանվել նոյեմբերի 13-ի միջոցառման համար։

Հրապարակված լուսանկարների պատճառով Ջոնսոնի շուրջ քաղաքական սկանդալը, որը հանդարտվել էր, կարող է կրկին բորբոքվել։ Հասարակության դժգոհությանը ավելանում է այն փաստը, որ Ջոնսոնը, ըստ տեղեկությունների, գաղտնի հանդիպել է ավագ պետական ծառայող Սյու Գրեյի հետ, որը հետաքննում է այսպես կոչված «Փարթիգեյթը»-ը: Ենթադրվում է, որ վարչապետը նրան համոզել է չհրապարակել իր հետաքննության արդյունքներով զեկույցը:

«Փարթիգեյթը»-ը սկանդալ է Մեծ Բրիտանիայի վարչապետի և կառավարության այլ անդամների շուրջ, որոնք բռնվել են 2020 թվականին խիստ «լոքդաունի» ժամանակ խնջույքներ կազմակերպելիս:

 

Քաղաքականություն

Պատահարներ