Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունում։ Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:  

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:  Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ընդգծելով, որ թեև հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, հանդիպումից հետո ցավոք հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ:  Պետաքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:  Անդրադարձ է կատարվել նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները:

Քաղաքականություն