ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պադեզդում, իրենց հայաթում պատժվելու են»․ բռնության կոչեր հնչեցնելու համար նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

 

Քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 24-ին Ախոյանը իր ֆեյսբուքյան էջում, հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում նկատի ունենալով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:  

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն

Պատահարներ