Քերոբյանը` Վերին Լարսի հետ կապված իրավիճակը շտկելու մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում ասել է, որ Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: Նրա խոսքով` բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն:

 

«Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցնենք հատուկ կատեգորիայի մեջ, որ այդ ապրանքներով բեռնված բեռնատարները ևս կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և մոտենալ Վերին Լարսի անցակետին»,- ասաց նա:

 

Նախարարի խոսքով`  բազմաթիվ բեռնատարներ առաջ ուղիղ Եվրոպայից մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը, իսկ  ամենամոտ անցակետը Լարսի անցակետն է:

 

«Ես հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել եմ ռուս գործընկերոջս, որպեսզի խնդրին լուծում տանք:  Մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որը, ըստ մեր գնահատականի, պետք է 30 տոկոսով ավելացնի թողունակությունը: Դա այսօրվա 400-450 մեքենաների փոխարեն 650-700 մեքենան է օրական»,-պարզաբանեց Քերոբյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ