Ապարանում սպանվածների հարազատները պահանջում են, որ արյունահեղության հեղինակները ոտք չդնեն Ապարան

Հունիսի 19-ին Նիգավանի խաչմերուկում սպանված երիտասարդների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով արդար դատավարություն։ Ապարանի համայնքապետարանի դիմաց հավաքված տուժածների հարազատները նաև պահանջում են, որ որ արյունահեղության հեղինակները չմտնեն Ապարան, որպեսզի ապարանցիները կարողանան հանգիստ ապրել։ 

«Մի հոգին չի կարող նման բան անել։ Ռոման Փարվանյանը՝ Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր տղան է կազմակերպել, որ զինված խումբը մտնի Ապարան և կատարի այդ արյունահեղությունը։ Չէ՞ որ կազմակերպելն է մասնակից լինել նշանակում»- լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց սպանված Համիկ Միքայելյանի հորեղբայր Աբրահամ Միքայելյանը՝ վկայակոչելով ծեծվածներից մեկի տված վկայությունը։ 

Համիկ Միքայելյանի մյուս հորեղբայրն էլ նշեց, որ վեճը երեք օր տևել է և տուժած երիտասարդները ոչ մի քաղաքական կողմնորոշում չեն ունեցել։ 

Նրա խոսքով՝ գազալցակայանում վիճաբանելուց հետո միջադեպի մասնակիցները Նիգավանի աղբանոցում են հանդիպել ու կրկին վերսկսել վիճաբանությունը։ Վերջինս չի հասկանում, թե ինչու այդ ամբողջ ընթացքում ոստիկանությունը ոչ մի կերպ չի փորձել կանխել արյունահեղությունը՝ տեղյակ լինելով այդ ամենի մասին։ 

Ոստիկանության անգործությունը շատերի մոտ է տարակուսանքի տեղիք տվել։

Քաղաքականություն

Պատահարներ