Դին մեքենայից դուրս են բերել փրկարարները․ նոր մանրամասներ՝ խոշոր ու ողբերգական ավտովթարից

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 50-ամյա Արթուր Մանուկյանի վարած ԳԱԶ 53 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Լևոն Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, հարվածել շինության բետոնե 2 հենասյուներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազալցակայանի հարևանությամբ տեղադրված ցայտաղբյուրի մոտ։  

 

Վթարի հետևանքով ԳԱԶ 53-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։  

 

Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը մինչ ԳԱԶ 53-ի վարորդին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։  

Քաղաքականություն

Պատահարներ