ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դավթյանին մեկ օր տվեցինք մեր պահանջը կատարելու համար». զոհված զինծառայողների հարազատները ավարտեցին ակցիան

Հանդիպումը տվեց շատ կարճ, որովհետեւ մեկ պահանջ ներակայացրինք՝ գործը տեղափոխել ԱԱԾ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ազատյանը՝ մանրամասնելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ քիչ առաջ տեղի ունեցավ հանդիպումը:

 

«Դա քննարկում կամ հարց ու պատասխան չէր, այլ պահանջ, որը հստակ փոխանցեցինք, ասել ենք՝ գործը պետք է ուղարկես ԱԱԾ եւ պատասխան չենք էլ ակնկալել: Ինքն ունի մեկ օր ժամանակ»,- նշեց Ազատյանը:

 

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին անցկացնում Դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում էին հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:

 

Ավելի ուշ Դատախազությունից առաջարկեցին վերեւ բարձրանալ երկու հոգով, սակայն ծնողները մերժել էին առաջարկը՝ պահանջելով նվազագույնը ութ ծնողների ներկայություն:

 

Դատախազությունից նշեցին, որ տասը ծնող կարող է բարձրանալ, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության եւ առանց հեռախոսների:

Քաղաքականություն

Պատահարներ