«Ադրբեջանցիները լրջորեն ուսումնասիրում են Զանգեզուրի, Սիսիանի, Արցախի բնակչության ժողովրդագրական գենետիկան». Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1605-1606թթ. Շահ-Աբասի կողմից Արարատյան դաշտի և հարակից տարածքների հայության բռնի տեղահանությունը շրջանցել է Սյունիքը և Արցախը: Ավելին, մասնավորապես, Սիսիանի գավառում հայկական բնակչությունն այդ ժամանակ ավելացել է Նախիջևանի հայերի մի զգալի հատվածի տեղափոխության հաշվին:


Դավիթ Բեկի ապստմաբության պարտությունից հետո, սակայն, Սիսիանի բնակչությունը Կապանի ու Արցախի հետ միասին՝ որպես ապստամբության անմիջական մասնակից, թուրքերի հալածանքի զոհ դառնալով մեծ թվով արտագաղթել է: Արդեն երկար տարիներ է, ինչ ուսումնասիրում եմ իմ հայրենի շրջանի գյուղերի պատմությունը, որոնց բնակչության մեծամասնությունը Սիսիան են տեղափոխվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո: Մինչ Պարսկահայաստանից Սիսիանի տարածաշրջան հայերի ներգաղթը տեղի գյուղերում ապրում էր մոտ 200 ծուխ հայկական բնակչություն, բայց ժողովրդական խոսքով ասած, այս բնիկ սիսիանցի տոհմերին այս գրառման շրջանակներում չեմ անդրադառնա: Այսօրվա սիսիանցիների մեծ մասը, իհարկե, գիտեն, որ իրենք Սիսիան են տեղափոխվել Պարսկահայաստանից: Օրինակ, Անգեղակոթ 1828 թվականից հետո տեղափոխվել են հայեր Թավրիզի մոտակա Քարաքյավշան գյուղից, այս շրջանից են նաև Ուզի/Ույծի բնակիչները, Սալմաստից, Մարաղայից, Խոյից տեղափոխվածները բնակություն են հաստատել Բռնակոթ, Շաղատ, Բալաք, Մազրա/Մուծք, Թազագյուղ/Թասիկ, Ալիլու/Սալվարդ, Ղարաքիլիսա, Ղալաջուղ/Կալաջըղ, Լծեն գյուղերում, Նախիջևանից՝ Տոլորս և Գետաթաղ: Ի դեպ, բնակչության ծագումնաբանական տարբերություններն առավել ակնհայտ դիտարկելի են բարբառային խոսքում:


19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Փոքր Կովկասի գրեթե բոլոր լեռնանցքների մոտ հաստատվում էին ռուսական գաղութներ, Սիսիանում հիմնադրվել է ռուսական գյուղ՝ Բորիսովկան (Բազարչայ): Նույն ժամանակ Սիսիանի Բիչանաղի/Բիչանագի լեռնանցքի արևմտյան կողմում հիմնվել է Կամարինովկա բնակավայրը:


Չերկարացնեմ, ինչո՞ւ եմ այս մասին հիմա գրում: Ադրբեջանցիներն արդեն տևական ժամանակ լուրջ միջոցներ են հատկացնում ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են Արցախի, Զանգեզուրի, մասնավորապես, նաև Սիսիանի շրջանի բնակչության ժողովրդագրական գենետիկային: Նշված տարածքների ժամանակակից բնակչության գենետիկ-ժողովրդագրական հետազոտությունների խնդիրների թվում, ըստ որում, միգրացիոն վարքագծի, դիֆերենցված բնական աճի դինամիկայի կանխատեսումն է:
Ուզում եմ հասկանալ՝ ե՞րբ ենք ի վերջո լրջանալու»:

Քաղաքականություն

Պատահարներ