Իմ եղբայր Ջեյհունը հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն հայտնեց հանդիպումից․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, հայտնել է ermenihaber.am կայքը:

 

Չավուշօղլուն նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում բացի երկկողմ հարաբերություններից անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, ինչպես օրինակ Ուկրաինայում տիրող իրավիճակին և Ղարաբաղի հարցին:

 

Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Վրաստանը կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թիֆլիսում, ինչի համար շնորհավորում եմ իրենց: Ադրբեջանի արտգործնախարար, իմ եղբայր Ջեյհունի հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ նա գոհունակություն հայտնեց այս այցերից ու հանդիպումներից»:

 

Չավուշօղլուն նշել է նաև, որ 3+3 ձևաչափը դեռևս չի կայանում, քանի որ բացակայում է Վրաստանը։ Բայցևայնպես ընդհանուր ջանքեր կան և բոլորի նպատակը, ընդհանուր նպատակակետը Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատումն է:

Քաղաքականություն

Պատահարներ