Ինչո՞ւ գաղտագողի ներթափանցել հյուրանոցի ճաշարան․ Սինանյանը՝ ՀՅԴ-ականների արարքի մասին

Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցության կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

 

Նա նաեւ նշել է. «Հայտարարության մեջ ձեզ բոլորիդ հայտնի մեղադրանքներն ու պիտակավորումներն էին։ Դա խնդիր չէ։ Կիպրոսը ազատ երկիր է, ինչպես նաև Հայաստանը` 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր։

 

Սակայն այս պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը։ Այսօր` օդանավակայան մեկնելուց առաջ, նախաճաշելիս, սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն։ Մնացածը կտեսնեք իրենց կողմից նկարահանած տեսանյութում։ Հուսամ` այս անգամ չեն խմբագրի։

 

Լավ, բայց ինչո՞ւ այս ամենը չանել քաղաքակիրթ ձևով, ինչո՞ւ գաղտագողի, առանց թույլտվության ներթափանցել հյուրանոցի ճաշարան և դարանակալ հանցագործի պես գործել։ Չհասկացա՞ն, որ այս գործելաոճը նողկալի է, և մերժվում է հայ ազգի կողմից։

Ինչևէ. ամենահաճելին` նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ։ Շնորհակալ լինելով` ստիպված էի պարոններին տեղեկացնել, որ Արցախի դրոշը իմ գրասեղանից անբաժան է։

 

PS. Խոստանում եմ շուտով վերադառնալ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ–ականներ Հակոբ Ղազանջյանն ու Կարեն Ղազանջյանը Կիպրոսում մոտեցել են  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, երբ նա նախաճաշում էր: Նրանք Սինանյանին են նվիրել Արցախի դրոշը:

Քաղաքականություն

Պատահարներ