Չավուշօղլուն խոսել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

 Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին, հայտնում է ermenihaber-ը։ 

«Պատմական Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրացրինք դաշնակցային մակարդակի: Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ձևավորվել, որից շահելու են կայունության և համագործակցության կողմնակից երկրները: Մենք կոչ ենք անում, որ բոլորն այս հնարավորությունը գնահատեն: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների, սահմանազատման և խաղաղության պայմանագրի բանակցություններին: Մենք էլ հարաբերությունների կարգավորման համար ենք քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում», - ասել է Չավուշօղլուն։ 

 
Նա շեշտել է, որ «Թուրքիան կապահովի անհրաժեշտ աջակցություն «Արևելյան Զանգեզուրի» և Ղարաբաղի տնտեսական գոտու վերակազմավորման և զարգացման համար»։ Ըստ նրա՝ նոր կապուղիները, որոնց գործարկումը օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և Եվրոպական տարածաշրջանը կապելու են միմյանց և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը․ 

«Այս ծրագրերի իրականացումը տրանսպորտի, առևտրի և էներգետիկայի պես բազմաթիվ բնագավառներում շռնդալից ազդեցություն է ունենալու»:

Քաղաքականություն

Պատահարներ