Օրվա լրահոս

 Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ –ում ՌԴ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության  ապահովման հարցում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«2020 թ-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ 2020թ-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմիից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022թ-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայության խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը, սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»,- ասաց Փաշինյանը։

 

Խոսելով ԼՂ-ում ՌԴ զորախմբի մանդատի մասին՝ Փաշինյանն ասաց․  «ՀՀ-ի և ՌԴ-ի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։

Վերջին նորություններ