Լավրովը խոսել է Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ արած հայտարարության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և հարցին, թե կա՞ արդյոք անհրաժեշտություն Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մանդատի վերաբերյալ առանձին հուշագրի ստորագրման և նշել է.  «Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկել ԼՂ-ում ռուսական կոնտինգենտի համատեքստում։ Եվ, համապատասխանաբար, չեմ կարող կռահել։ Կողմերից յուրաքանչյուրն, իհարկե, իրավասու է հանդես գալ լրացուցիչ նախաձեռնություններով, բայց մենք դեռ առաջարկ չենք տեսել»։ 

 

Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում  հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը: Հենց այդ տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն»: 

 

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ՌԴ  խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց այն մասին, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար:

 

«Եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատ օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են 2020 թվականի նոյեմբերից, ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծեմների հասնելու համար ու հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ