Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հաղորդում են տեղի զլմ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
 

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ և նշել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման կարևորությունը։ 

 

Նա հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջեւ երկխոսության շարունակմանը։

 

Ալիևն իր հերթին խոսել է «Հայաստանի կողմից սադրանքի մասին, ինչի հետևանքով ադրբեջանցի 1 զինծառայող է զոհվել»:

 

Հավելենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը Մակրոնին ասել է, թե «ՌԴ ՊՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության և եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհային երթուղի, և Ադրբեջանի կողմից այդ ճանապարհի շինարարությունը մոտենում է ավարտին։

 

Նրա խոսքով, այդ աշխատանքների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերաբաշխում նշված ճանապարհով»։

 

Հիշեցնենք, որ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը հասել է 19-ի: 2 հայ զինծառայող զոհվել է:

Քաղաքականություն

Պատահարներ