Չինաստանը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Չինաստանը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին։ 


«Ադրբեջանը և Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Հուսով ենք, որ կողմերը կհետևեն հրադադարի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և կխուսափեն իրավիճակի հետագա սրումից, ինչպես նաև կկարողանան քաղաքական երկխոսության միջոցով վերացնել հակասություններն ու տարաձայնությունները»,–ասել է նա։ 


Հայտնել էինք, որ երեկ` օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): 


Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը։ 
Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Քաղաքականություն

Պատահարներ