«Մոտ 3 ժամ սպասել եմ, ինձ չթույլատրեցին մտնել Արցախ». լրագրողը` իր մուտքն Արցախ արգելելու մասին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ևս մեկ հայ լրագրողի՝ Անի Գևորգյանի մուտքն Արցախ արգելվել է։   

«Մոտ 3 ժամ Արցախի ճանապարհին սպասել եմ, ռուս խաղաղապահներն ասացին՝ իրենց հրամանատարը պետք է գա, իսկ երբ հրամանատարը եկավ, ինձ չթույլատրեցին մտնել Արցախ, ասացին՝ կան լրագրողներ, որոնց ներս ենք թողել և ներս ենք թողնում, կան լրագրողներ, որոնց ներս չենք թողել և ներս չենք թողնում, բայց մեր օպերատորին ու վարորդին թույլատրեցին»,- Civic.am-ի հետ զրույցում պատմեց Անի Գևորգյանն ու ընդգծեց, որ պատրաստվում է դիմել ՀՀ ՄԻՊ-ին ու ՀՀ ԱԳՆ-ին։    

Լրագրողը խնդրի կապակցությամբ զանգահարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին՝ պարզելու, թե արդյոք կա՞ ցուցակ, թե ում մուտքն է թույլատրվում Արցախ, ումը՝ ոչ, ինչին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանն ասել է, որ իրենք որևէ ցուցակ չեն ներկայացրել խաղաղապահներին, և ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն անարգել մուտք գործել Արցախ:   

Նշենք, որ օրեր առաջ ռուս խաղաղապահները լրագրող Ժիրայր Ոսկանյանին չէին թույլատրել մուտք գործել Արցախ։ Ըստ Ժիրայր Ոսկանյանի՝ իրենք ռուս խաղաղապահներին վստահեցրել են, որ չեն խոչընդոտի նրանց աշխատանքը. խոսակցություններին ներկա են եղել նաև Արցախի անվտանգության ծառայության աշխատակիցները, սակայն ռուս խաղաղապահները պնդել են, որ Արցախ մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել ռուսական ղեկավարության կողմից տրված փաստաթուղթ։  

Արցախ մուտքը օրերս «փակ» է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ ռուս խաղաղապահներն արգելել են նաև նրա մուտքը: Իսկ ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, արգելվել էր ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը: 

ՀՀ ՄԻՊ-ի խոսնակ Էդգար Այվազյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ նշեց, որ արդեն իսկ ահազանգեր են ստացել որոշ անձանցից, որոնց մուտքն արգելվել է Արցախ․ «Դեպքերն անհատական են և ՀՀ ՄԻՊ-ը համապատասխան հարցումներ է արել Արցախի ՄԻՊ-ին։ Պատասխաններն ստանալուն պես կտրամադրվեն տվյալ անձնաց»։  

Երևանի մամուլի ակումբի վարչության անդամ Աշոտ Գազազյանն էլ խոսելով կատարվածից՝ նշեց․ «Հետևելով իրավիճակին, որը ծավալվում է Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի շուրջ՝ կարծես սա մի շղթայի մաս է կազմում, վաղն էլ կարող է մի պաշտոնյայի մուտքն արգելվի Արցախ։ Ես չեմ կարծում, որ հայկական կողմը կարող է ինչ-որ մի լծակ ունենալ՝ ազդելու այս իրավիճակի վրա։ Չեմ պատկերացնում՝ ինչ ցուցակ պետք է լինի ռուս խաղաղապահի մոտ, որի մեջ լրագրողը «persona non grata» ներկայացված լինի՝ սա անհանդուրժելի է» ։

Քաղաքականություն

Պատահարներ