ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում արջը, որի որջն այրվել է, հրշեջների կացարան է մտել

Արջը, որի որջն այրվել է, եկել է Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Ռադոմ գետի ափին գտնվող հրշեջների ճամբար։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ցենտրոսպաս-Յուգորիա» հրշեջ պաշտպանության ինժեներ Քսենիա Բակշաևան։ 

Նրա խոսքով, հուլիսի վերջին 19 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մեկնել է Նյագան քաղաքից 180 կիլոմետր հեռավորության վրա՝ լանդշաֆտային հրդեհները մարելու համար: Այնտեղ հրդեհը հրշեջների մոտ է քշել երիտասարդ արջին, որը զրկվել է իր որջից։ Ճամբարում գիշատիչն իր համար սնունդ է գտել․ նա կերել է պահածոներ՝ ատամներով բացելով տարաները և բլիթներ, որոնք փրկարարները պատրաստել էին իրենց համար։ 

«Երբ արջը գալիս էր, բոլորը վազում-մտնում էին որսորդական տնակ, այնտեղից նկարահանում էին արջին։ Նման այցելությունները շարունակվել են ևս երեք գիշեր։ Աշխատանքային խումբը կատակում էր՝ մենք ճամբարում 19 հոգով էինք, իսկ Միշան 20-րդն էր»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 

Օգոստոսի 2-ից Յուգրայի տարածքում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Շրջանում այսօրվա դրությամբ 66 հրդեհ է արձանագրվել, որոնցից 21-ը տեղայնացվել է։

Քաղաքականություն

Պատահարներ