Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զինված ուժերը երկրի օկուպացված տարածքներից

Օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել անօրինական գործողությունները, իրագործել 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի պայմանագիրը և դուրս բերել զինված ուժերը Վրաստանի օկուպացված տարածքներից»։

«Օկուպացիայի 14-րդ տարելիցի դրությամբ Ռուսաստանն առաջվա պես չի իրագործում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունը օկուպացված շրջաններում», - ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Մոսկվային փոխել օկուպացված տարածքները ճանաչելու անօրինական որոշումը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումը, էթնիկ խտրականությունը և հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների և փախստականների՝ Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի շրջաններում իրենց տները վերադառնալու իրավունքի խախտումը շարունակում է մնալ Ռուսաստանի օկուպացիայի անօրինականության ծանր մարդասիրական բեռը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Միաժամանակ ԱԳՆ-ն հաստատում է ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությունը՝ նշելով, որ պաշտոնական Թբիլիսիի գործողություններն ուղղված են օկուպացիայի գծով բաժանված հասարակությունների միջև վստահության վերականգնմանը և ընդհանուր եվրոպական ապագայի կերտմանը։

Քաղաքականություն

Պատահարներ