Արարատյան ստորգետնյա ջրավազանը այս տեմպերով 5-10 տարում կցամաքի. փոխնախարար. Sputnik Armenia

Գործուն միջոցներ չձեռնարկելու դեպքում Հայաստանը կզրկվի խմելու ջրի իր ամենամաքուր ու ամենաապահով պաշարից, տնտեսությունն էլ` իր կարևորագույն ու արագ զարգացող ճյուղերից մեկից` ձկնաբուծությունից։ Այս մասին Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

 

«Արարատյան ջրավազանը Արարատյան դաշտի տակ գտնվող այն թասանման հատվածն է, որտեղ տեղավորվում է 3.6 մլրդ խմ ջուր։ Ըստ պաշտոնական տվյալների` մենք այս պահի դրությամբ տարեկան ծախսում ենք 1.6 մլրդ խմ ջուր, սակայն ջրավազանը կարողանում է վերականգնվել ու տարեկան նորից հավաքել միայն 1.1 մլրդ խմ»,- խնդիրը թվային տվյալներով ներկայացրեց Գաբրիելյանը։
 

Այլ կերպ ասած` Արարատյան խորքային ավազանից ամեն տարի օգտագործվող ջրի ծավալից 0.5 մլրդ խմ-ն այլևս չի վերականգնվում, ինչը նշանակում է, որ 3.6 մլրդ խմ-ն վերջնականապես սպառելու համար Հայաստանին ընդամենը 7-8 տարի է մնացել։
 

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը` Սևանը, 32.5 մլրդ խմ է, այսինքն` Արարատյան ստորգետնյա «լիճը» Սևանից ընդամենը 10 անգամ է փոքր, բայց որակական հատկանիշներով գերազանցում է Սևանին։
 

«Աշխարհի ամենապաշտպանված, որակապես ամենամաքուր, ամենաանվտանգ ու ամենաստրատեգիական ջուրը այսօր մենք օգտագործում ենք ինչ-որ մի նպատակով։ Չեմ ուզում, որ ասեն` ՇՄ նախարարությունը դեմ է ձկնաբուծությանը, բայց պարզապես ուզում եմ, որ մտածենք` արդյոք սա՞ է այն ջուրը, որը պետք է օգտագործվի այս նպատակով»,- ասաց Գաբրիելյանը։
 

Նրա խոսքով` ջրային անփոխարինելի այս ռեսուրսին ամենամեծ վտանգը սպառնում են Արարատյան դաշտում առկա` հատկապես մեծ խորություններ ունեցող խորքային հորերը։
 

Գաբրիելյանի հայտնած տվյալներով` այսօր Արարատյան դաշտում մինչև 365 մետր խորությամբ հորեր կան, այն դեպքում, երբ 20 մետր խորությունից ներքև գտնվում է արդեն ջրի այն շերտը, որը պետության հատուկ պահպանության կարիք ունի։ Իսկ մինչև 20 մետր խորության վրա գտնվող ջրերը գրունտային, դրենաժային ջրերն են, որոնք ազատ կարող են օգտագործվել ոռոգման և այլ նպատակներով։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ