Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր բանակցություններ է վարել աշխատանքային այցով ՌԴ–ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր:

 

«Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը։ Մենք նախկինի պես վստահ ենք, ինչպես և դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարի ռեժիմի պահպանումն է շփման գծի ողջ երկայնքով», - հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը բանակցությունների ընթացքում:

 

Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը՝ «Բանակային միջազգային խաղերի» և «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացմանը մասնակցելու, ինչպես նաև Մոսկվայի միջազգային անվտանգության խորհրդաժողովում աշխատանքի համար:

Իր հերթին ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակը:

 

«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ