Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ. Fip

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։

Ինչպես երևում է մամուլում տարածված տեսանյութերից՝ վարչապետի ավտոշարասյան ամենագնացներից մեկի առջևի մասում բացակայում է մեքենայի պետհամարանիշը։ Այնինչ, նույն մեքենայի ետնամասում համարանիշը կա՝ 001 UU: Այս մասին գրումէ FIP.am-ը:

  «Սա հենց այն մեքենան է, որը սպասարկում է անձամբ վարչապետին, և Նիկոլ Փաշինյանն իջնում է հենց այս մեքենայից։

Հատկանշական է, որ վարչապետին ուղեկցող մյուս բոլոր մեքենաները հաշվառման համարանիշները կրում էին սահմանված կարգով, և միայն անձամբ վարչապետին տեղափոխող մեքենան էր երթևեկում սահմանված կարգի խախտումով։

Ստացվում է, որ վարչապետը երթևեկում է օրենքի կոպիտ խախտմամբ, քանի որ ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով կամ առանց համարանիշների։

Իսկ տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգի համաձայն՝ թեթև մարդատար ավտոմոբիլներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի ու հետին) համարանիշներ։

Այսպիսով, վարչապետին տեղափոխող տրանսպորտային միջոցի՝ առջևի հատվածում հաշվառման համարանիշ չունենալը Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի խախտում է։

Ի դեպ, որպես կանոն, վարչապետին տեղափոխող ավտոմեքենաների վրա հաշվառման համարանիշները փակցված են լինում պատշաճ կերպով: Նախկինում մամուլում տարածված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ վարչապետին տեղափոխող մեքենան կրում է հաշվառման համարանիշներ»,- գրում է հարթակը։

 

Քաղաքականություն

Պատահարներ