ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ամերիկացի համանախագահ ունի. միջազգայնագետը` փոփոխության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հայտնում է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայությունը։

Պետդեպարտամենտը նաև հաստատել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:
 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով նոր նշանակմնաը, գրում է. 

 

«Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ 
Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափում, որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Այսինքն՝ Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա է համակարգելու: Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։ 

Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարևանությամբ, ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարևանությամբ, ինչպես նաև պատմական մրցակից և հիմնական հակառակդորդ Ռուսաստանի հարևանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է: Իսկ այս նշանակումն ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը»:

Քաղաքականություն

Պատահարներ